ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Սրբությանը պետք չէ արհեստածին հավելումներ խառնել և պղծել այն»

«Սրբությանը պետք չէ արհեստածին հավելումներ խառնել և պղծել այն»
10.07.2015 | 00:13

Օրերս ՀՀ ԳԱ ակադեմիայում անցկացվեց առողջ սննդի հարցերին նվիրված կլոր սեղան- քննարկում: Ներկա էին ՀՀ առողջապահության նախարար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, անվանի գիտնականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սննդի ոլորտի աշխատողներ: Միջոցառմանը հրավիրված էր նաև ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ սննդի ինստիտուտի տնօրեն, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր դիետոլոգ ՎԻԿՏՈՐ ԹՈՒՏԵԼՅԱՆԸ, ով ՀՀ ԳԱԱ նախագահությանը և քննարկման մասնակիցներին ներկայացրեց առողջ սննդի գլոբալ մարտահրավերները, դրանց հաղթահարման համաշխարհային փորձը, ինչպես նաև ՌԴ-ում իրականացվող հանրային առողջապահական ծրագրերը։

«Մարդու օրգանիզմը, որը ստեղծված է սերնդաշարունակության և մարդկային տեսակի (ցեղի) պահպանման համար` պայմանավորված առողջ ապրելակերպով, ֆիզիկական ակտիվությամբ և շրջակա միջավայրի ազդեցությամբ, առաջին հերթին կարիք ունի կենսականորեն անհրաժեշտ վիտամիններով ու միկրոտարրերով հարուստ սննդի»,- իր ելույթում նշեց Թուտելյանը, հավելելով, որ առողջ կենսակերպով ապրելու համար մարդուն անհրաժեշտ է ընդունել օրական առնվազն չորս հազար կիլոկալորիա:
Բանախոսը հիշեցրեց, որ կանանց փաստացի էներգածախսը կազմում է օրական 1700-1800, իսկ տղամարդկանցը` 2000 կկալ։ «Նշված խնդիրը լուծելու համար ողջ աշխարհում, այդ թվում` Եվրոպայում, ԱՄՆ-ում և զարգացող երկրներում կիրառվում են տարբեր սննդատեսակների հարստացման ծրագրեր: Այս ենթատեքստում ամենաարդյունավետ ու մատչելի գործոնը ցորենի ալյուրի հարստացումն է, որը լիովին անվտանգ է և օգտակար»,- ասաց գիտնականը` շեշտելով, որ ողջ աշխարհն այսօր փորձում է գնալ այդ ճանապարհով:
Թուտելյանը հավաստեց, որ հարստացումը չի ավելացնի սննդակարգի կալորիականությունը, սակայն օրգանիզմը կապահովի մարդու գործունեությանն անհրաժեշտ բոլոր նյութերով: Նա ներկայացրեց նաև այն խնդիրները, որոնք առաջանում են այդ ծրագրի բացակայության պատճառով՝ թերհաս, սահմանված նորմաներից ցածր քաշով ծնված երեխաներ, ինչպես նաև ծանր հետևանքներ պտղի օրգանների վրա:
«Նշված երևույթը դարի մարտահրավերն է, և ոչ մի երկրում հնարավոր չէ բնական սննդի միջոցով բավարարել օրգանիզմին անհրաժեշտ միկրոսննդատարրերի պահանջարկը»,- ասաց Թուտելյանը` փաստելով, որ վերոնշյալ խնդիրներն առաջանում են հղիության երրորդ-չորրորդ օրերի ընթացքում:
Խնդրի լուծումը տեսնելով արհեստական միկրոնուտրիենտների ընդունման և դրանցով տարբեր տեսակի սննդատեսակների, ինչպես նաև ցորենի ալյուրի հարստացման ծրագրերի մեջ, բանախոսն ասաց, որ ԱՄՆ-ում, Կանադայում, Չիլիում, Ավստրալիայում, Իրանում և մի շարք այլ երկրներում, որտեղ իրականացվել են դրանք, արդեն ակնհայտ են առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավման արդյունքներ։
Ներկա գտնվող գիտնականները, հասարակական կազմակերպությունների և սննդի ոլորտի մասնագետներից ոմանք` բուռն արձագանքելով քննարկմանը, պնդեցին, որ հարստացված ալյուրը պետք է նախատեսել կոնկրետ թիրախային խմբերի համար, այսինքն` եթե ֆոլիաթթվի, երկաթի կարիք ունեն հղիներն ու անեմիայով հիվանդները, ապա ամենևին կարիք չկա, որ հարստացված ցորենից պատրաստված հացամթերքով կերակրվեն նաև առողջները` տղամարդիկ, ինչպես նաև ոչ հղի կանայք ու աղջիկները: Մասնագետների կարծիքով, կարիք չկա նաև այսօր Հայաստանը վերածել արհեստական հավելումների և վիտամինների գործնականում անվերահսկելի շուկայի, երբ ալյուրի հարստացման մասին օրինագծում ոչ մի բառ չի գրվել պրեմիքսների անվտանգության, ինչպես նաև հնարավոր բացասական հետևանքների պատասխանատուների և նրանց վերաբերյալ պատասխանատվության մասին:
«Համաշխարհային գործընթացներից օրինակներ բերելը (որոնք այնքան էլ միանշանակ չեն) և դրանցով Հայաստանում որոշումներ ընդունելը սխալ է, քանի որ մեզ մոտ առանց այն էլ շատ են երկաթի և ծանր այլ մետաղների շահագործման հանքավայրերը: Դրանց ֆոնին տեխնագեն աղտոտվածություն ավելացնելուց առաջ անհրաժեշտ է (նախապես հաշվի առնելով նաև տեղային և բնակլիմայական պայմանները) ուսումնասիրություններ անցկացնել հանքամերձ բնակավայրերում` պարզելու, թե տվյալ պարագայում բնակչությունը կարիք ունի՞ իր ամենօրյա հացի հետ ընդունելու նշված հավելումները»,- ասաց «Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ, հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Անդրադառնալով նաև բանախոսի թվարկած այն երկրների փորձին, որտեղ այսօր օգտագործում են բազմաթիվ հավելանյութեր` ներառյալ երկաթ և ֆոլիաթթու, ինչպես նաև ԳՁՕ-ներից ստացված սնունդ, Կարինե Դանիելյանը նշեց, որ այդ երկրները մեզ համար դրական փորձի օրինակ լինել չեն կարող: «Այդ երկրներում չափազանց շատ են ահռելի, անմարդավարի գեր, հսկայահասակ, ինչպես նաև անորոշ, անհասկանալի տարիքի ու սեռի անձինք, ովքեր կարծես վերափոխված առանձնյակներ (մուտանտ) լինեն: Այս պարագայում խոսել առողջ սննդի մասին և որպես դրական օրինակ մատնանշել հավելանյութեր օգտագործող այդ երկրների փորձը` իմ կարծիքով սխալ է»,- ասաց գիտնականը:
«Մեր հողառաջացնող մայրական ապարների կազմի և ագրոքիմիական հատկություններով հարուստ հողի վրա աճող պտղատուների և բանջարեղենի բարձր քանակությունը լիովին բավարար է ապահովելու և երկաթի, և ֆոլիաթթվի նկատմամբ օրգանիզմի ունեցած պահանջմունքը»,- իր ելույթում ասաց ՀԱԱՀ-ի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի և կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային սննդի անվտանգության գեներալ-մայոր ՄԵՐՈՒԺԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Նա նշեց, որ Հայաստանը բանջարեղենի (հատկապես տերևավոր) օգտագործմամբ մեկ շնչի հաշվով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը և շնորհիվ դրա ամենևին կարիք չունի հանրապետությունում օգտագործվող ալյուրը հարստացնելու սինթետիկ ճանապարհով ստացված հավելումներով, որոնց ավելցուկը օրգանիզմում մետաբոլացվում է բարակ աղիքում և լյարդում` առաջացնելով ծանր և անբուժելի հիվանդություններ:
«Պետք չէ ուրիշ երկրների փորձը առանց գիտական հիմնարար տվյալների բերել ու տեղայնացնել մեր երկրում: Այդ նպատակով անհրաժեշտ է գիտական ճիշտ ու համակողմանի ուսումնասիրություն և դրա հիման վրա արդարամիտ որոշում: Հացը սրբություն է, իսկ սրբությանը պետք չէ արհեստածին հավելումներ խառնել և պղծել այն: Եթե պարզվի, որ այդ հավելումների պահանջը մեր երկրում կա (չնայած դա բացառվում է), ապա այդ հարցը կարելի է լուծել այլ` ավելի ողջամիտ ճանապարհով, ոչ թե սրբությունը անսրբացնելով»,- եզրափակեց գիտնականը:
Քննարկմանը ներկա էր նաև «Քրիստոնեությունն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման նախագահ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, ով պնդեց, որ չնայած առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ բարձր տեսակի ալյուրը երկաթ չի պարունակում, սակայն ունեցած կապերի շնորհիվ ռոստովցի իր գործընկերները հետազոտել և համապատասխան փաստաթղթով տեղեկացրել են, որ առաջին տեսակի մեկ կգ ալյուրի մեջ 10 միլիգրամ երկաթ կա, ինչը մարդուն լիովին բավարար է մնացյալ սննդի հետ:
Խաչիկ Ստամբոլցյանը միաժամանակ նշեց, որ արդեն չորրորդ տարին է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությունը Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում ապրող 50 հազար երեխայի «Պարենային սնունդ» ծրագրի շրջանակներում (նախնական հետազոտությունների և միջանկյալ տվյալների բացակայության պայմաններում) հարստացված սննդամթերք է տրամադրում: Նրա խոսքով, մանկական ծրագրի համար նախատեսված ալյուրն ու մակարոնը ներկրվում են ՌԴ-ից: Ալյուրի ներկրումը ՀՀ ֆինանսավորում է Իսրայելը: Թե ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը և թե Իսրայելի Միջազգային զարգացման համագործակցության կենտրոնն ընդունում են, որ երեխաներին տրվող սննդարար տարրերով հարստացված նախաճաշերը նպաստում են նրանց զարգացման և սնուցման կարգավիճակի բարելավմանը:
«Ստացվում է, որ մեր երեխաների բախտը որոշում են ոչ թե ՀՀ պետական մարմինները, այլ վերոնշյալ երկրների ներկայացուցիչները, ովքեր իրենց երկրում այս ծրագրերն արգելում են: Ես դիմել եմ ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի պատասխանատվության ենթարկեն այն անձանց, ովքեր առանց ծնողներին տեղեկացնելու փորձարկումներ են կատարել այդ երեխաների վրա: Քրեական հարց է նաև ԱԺ-ում առանց օրենքի քննարկման ալյուրի հարստացման համապատասխան սարքավորումներն ու գործիքները ՀՀ տեղափոխելը: Վերլուծելով այս հարցի շուրջ ծառացած խնդիրները` մնում է մի ելք, այն է` բոլոր օրինական ճանապարհներով կասեցնել այս գործընթացը, որի հետևանքները կարող են անդառնալի լինել»,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:
Ցորենի ալյուրը երկաթով և ֆոլիաթթվով հարստացնելու խնդրին դեմ էր նաև և այն անընդունելի էր համարում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, «քանի որ այն, պարտադիր բնույթ կրելով, այլընտրանք չի թողնում, և սպառողը ստիպված պետք է ամեն օր ընդունի այնպիսի նյութեր, որոնց կարիքը բոլորովին չունի»:
«Այսօր մեր առջև ծառացած այս խնդիրը հերթական անգամ մատնանշում է կառավարման համակարգի թերությունը: Ծրագիրն իրականացնելիս մեծ է կոռուպցիոն ռիսկը: Հնարավոր է՝ ինչ-որ տեղ էժան ալյուր է մատակարարվում, իրականացվում է գրանտային ծրագիր, կամ իշխանություններին ևս այդ ծրագիրը պարտադրված է: Ցանկացած իրավիճակում մի բան անհերքելի է` մեր խանութների ցուցափեղկերում պետք է ներկայացնել երկու տեսակի հացամթերք` ֆոլիաթթվով և առանց դրա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Հացը ֆոլիաթթվով և պրեմիքսներով հարստացնելու ծրագիրը վտանգի առջև է կանգնեցնելու այսօրվա և վաղվա սերնդին: Դրանց բարձր պարունակությունից օրգանիզմում կարող են առաջանալ ազատ ռադիկալներ, որոնք, ճնշելով օրգանիզմի հակաօքսիդանտային համակարգը, առաջացնում են քաղցկեղ և մի շարք այլ հիվանդություններ»,- ասաց սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ ՄԻԼԵՏԱ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ: Նրա խոսքերով, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ֆոլիաթթուն և երկաթը Հայաստանում ոչ թե պակաս, այլ մի բան էլ ավելի են, որովհետև մեր ազգը մեծ քանակով կանաչեղեն և ընդեղեն է օգտագործում: «Իրավական ստորադասության տեսակետից առաջնայինը հասարակության կարծիքն է և այդ նպատակով անհրաժեշտ է կազմակերպել մասնագիտական և հանրային քննարկումներ` վերլուծության արդյունքում վիճակագրական հստակ տվյալներ ունենալու համար»,- հավելեց Միլետա Արիստակեսյանը:
Այս ամենը կարծես ժողովրդի գլխին հյուսվող դավադրություն լինի, քանի որ այսօրվա իշխանությունները անտեսում են հասարակության կարծիքը: Ինչո՞ւ չենք լսում ցորենի ալյուրի հարստացման հետևանքների վերաբերյալ մեր մասնագետների և գիտնականների կարծիքները և հաշվի չենք առնում նրանց առաջարկած հանգամանալի և հստակ ներկայացրած տեսակետները: Ինչո՞ւ ենք թերագնահատում եվրոպական այն հարուստ և հզոր երկրների մասնագետներին, որոնք հանուն իրենց գենի պահպանության հրաժարվել են այդ ծրագրից: Գաղտնիք չէ, որ վերոնշյալ ծրագիրը իրականացվում է, այսպես կոչված` երրորդ երկրներում (Աֆրիկա, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն): Լավագույնս պատկերացնելով սեռային փոփոխություններն ու դրանց հետևանքները` այսօր ձևավորվում են մուտանտներ, որոնց մեջ հնարավոր է, որ հայտնվի նաև հայ ժողովուրդը: Հայերը, լինելով ուղեղ արտահանող ժողովուրդ, լուրջ մրցակից են շատերի համար, հետևաբար, որքան շուտ փոփոխվի մեր գենը, այնքան ավելի լավ այլոց համար: Ցավալին այն է, որ հարցը լուծվում է ներսից: Մեր ձեռքով մեր գենն ենք վերացնում, բարձրաձայնեցին մի քանի գիտնականներ:
Գիտնականները միաժամանակ նշեցին, որ երևույթը նաև յուրօրինակ զենքի կիրառում է մեր ժողովրդի և աճող սերնդի առողջության նկատմամբ, որի հետևանքներն իրենց երկար սպասել չեն տա: Իսկ տարիներ անց անդառնալի հետևանքների ի հայտ գալուց և հարստացումը դադարեցնելուց հետո ի զորու կլինե՞նք փրկելու ձևախեղված սերունդը: Հարց է:
«Օրենքի նախագծում խոսքը միայն 30 տոննա և ավելի ալյուր արտադրող ալրաղացների մասին է: Հայաստանում գործող 60 ալրաղացներից միայն տասներկուսն են օրական 30 տոննա և ավելի ալյուր արտադրում»,- քննարկումն ամփոփելով ասաց ՀՀ առողջապահության նախարար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` համոզմունք հայտնելով, որ հանրային առողջապահական խնդիրները պետք է քննարկվեն միայն մասնագիտական շրջանակներում:
Մեջբերելով և հստակեցնելով ԱՀԿ վիճակագրական տվյալները, նախարարը նշեց, որ աշխարհում երկու մլրդ մարդ (որի մեջ բացառություն չէ նաև Հայաստանը)` երկաթի պակասով պայմանավորված անեմիայի խնդիր ունի, ինչը լուծում է պահանջում:
Ըստ նախարարի, նշված ծրագիրը կիրառվում է դեռևս 1920-ական թվականներից, և այն իրականացնողներից մեկը ժամանակին եղել է Խորհրդային Միությունը, որտեղ մինչև 1991 թվականը ալյուրը 100 տոկոսով հարստացվել է։ Նա հայտնեց, որ հանրային առողջապահական կարևոր այս ծրագիրն արդեն իրականացվում է աշխարհի 83 երկրում, որոնց բոլորովին վերջերս միացել է 77 մլն բնակչությամբ Հնդկաստանի նահանգներից մեկը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուն շեշտեց, որ նշված ծրագրի իրականացման հարցում միայն բացառման ճանապարհով գնալը տեղին չէ: 2000 և 2005 թվականներին իրականացված ժողովրդագրական և առողջապահական հետազոտությունները վկայում են, որ մի շարք հիվանդությունների տարածվածությունը Հայաստանում խորանում է: Նա որպես հանրային առողջապահական արդյունավետ ծրագիր մատնանշեց կերակրի աղի յոդացումը, որը երկար ժամանակ դադարեցվել էր մեր երկրում, և որի պատճառով 50 հազար հղի կանանցից ամեն երկրորդը տառապում էր խպիպով. հիվանդությունը կանխելու նպատակով 2004 թվականից ՀՀ կառավարության որոշումով վերսկսվեց աղի յոդացումը:
Արմեն Մուրադյանը հորդորեց քննադատներին և բնակչությանը վստահությամբ լցվել դեպի հանրային առողջապահական ծրագրերը, իսկ քննարկումների ժամանակ ուսումնասիրել առարկան, ինչպես նաև փաստացի օրենքի նախագիծը: «Այսօր առողջ ապրելակերպն ու առողջապահական համակարգի խնդիրները (50-60 տոկոսով) հիմնված են էկոլոգիապես առողջ սննդի վրա: Այսօրվա հրուշակեղենը, մակարոնեղենը և անգամ ալյուրը, որոնք ներմուծվում են Հայաստան, մեծ մասամբ հարստացված են, ինչը հավաստում են գնապիտակների վրա եղած մակնշումները: Այս ամենով հանդերձ, չգիտես ինչու, չեն ուզում կյանքի կոչվի վերոնշյալ ծրագիրը, և տպավորությունն այնպիսին է, որ առողջապահության նախարարությունը չի կարող նպաստավոր ծրագիր առաջարկել»,- ասաց գերատեսչության ղեկավարը:
Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ խոր ողջամտությունն ու գիտական ներուժը կգերակշռեն անառողջ զգացմունքայնությանը և պատրաստակամություն հայտնեց քննարկումները շարունակել նաև մասնագիտական հարթակում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ. Գ.- Նշենք, որ քննարկման մասնակիցների մի մասը, միտում տեսնելով վերջին շրջանում ՌԴ-ից հայազգի գիտնականների հաճախակի դարձած հրավերների մեջ, դեմ էր ինչպես ժամեր տևող ռուսերենով ելույթներին, այնպես էլ հայ լսարանին ռուսերենով արտահայտվելու պարտադրմանը:
Քննարկման թեժ պահերին` ելույթի համար միկրոֆոն չտրամադրելու, խոսելու պահին այն անջատելու պատճառով մասնակիցների զգալի մասը լքեց դահլիճը: Հավելենք նաև, որ միջոցառումը վարում էր ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, մինչև վերջ ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ